Ինչպե՞ս է Մեծ Բրիտանիան պատրաստվում արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը. Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել
Մեծ Բրիտանիայում այսօր առանձնահատուկ օր է: Ապրիլի 17-ին Ուինձոր արքայական դղյակում տեղի է ունենալու Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը, գրում է Daily Mail-ը:
Մինչ արարողության մեկնարկը հանգուցյալ դուքսի մարմինը գտնվում է Ուինձորի ամրոցում արքայական ընտանիքին պատկանող մասնավոր մատուռում:
Այն բանից հետո, երբ Բուքինգհեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է ազնվականի մահվան մասին, արքայական նստավայրերի, կառավարության և որոշ ռազմական շենքերի բոլոր պետական դրոշները իջեցվել են:
Այնուամենայնիվ, իջեցված չէ միայն Ուինձորի թագավորական ընտանիքի դրոշը, քանի որ գահաժառանգը դառնում է թագավոր (կամ թագուհի) հենց այն պահին, երբ մահանում է նախորդ միապետը: Այսպիսով, երկրում միշտ լինում է մեկը, որն ապահովում է միապետության շարունակականությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազնի սգո հանդիսավոր արարողությանը հրավիրած անձանց ցուցակը ներառում է 30 մարդ: Ապրիլի 17-ին 14:40-ին (Երեւանի ժամանակով 17:40-ին) արքայազն Ֆիլիպի դին դուրս կբերվի Վինձորի դղյակից: Թափորը՝ Գվարդիական գրենադերական գնդի նվագախմբի գլխավորությամբ, որի գնդապետը 42 տարի եղել է արքայազն Ֆիլիպը, կուղևորվի Սուրբ Ջորջի մատուռի կողմը:
Դագաղի հետևից կանցնեն դուքսի բոլոր չորս զավակները՝ արքայազն Չարլզը, Էնդրյուն, Էդվարդը և արքայադուստր Աննան, ինչպես նաև նրա թոռները՝ արքայազն Ուիլյամը և Հարրին: Հուղարկավորությունը տեղի կունենա Վինձորի դղյակի տարածքում:
Կորոնավիրուսային համավարակի պատճառով սգո արարողության մասնակիցների առավելագույն թիվը սահմանափակվել է 30-ով: Բացի Էլիզաբեթ Երկրորդ թագուհուց, երեխաներից և թոռներից, արարողությանը ներկա կլինեն թագուհու զարմիկները, ինչպես նաև արքայազն Ֆիլիպի ազգականները, այդ թվում՝ Բադենի գահաժառանգ արքայազն Բեռնհարդը և այլք:
Արարողության ավարտից հետո Էդինբուրգի դուքսի դին կիջեցնեն թագավորական դամբարան: Քենթերբերիի արքեպիսկոպոսը հոգեհանգստյան աղոթք կկարդա, և երգչախումբը կերգի Ազգային հիմնը: Պալատը սգո հանդիսավոր արարողության կարգը նաև կհրապարակի պալատի կայքով: Հուղարկավորությունն ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ և ռադիոյով:



























