Ինտելեկտուալ հասարակությունները չեն ասում՝ այսինչը չարիք է, այնինչը՝ փրկիչ, չարիքին տանենք, փրկչին բերենք և լավ կապրենք. տեղի ունեցավ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը
Այսօր տեղի ունեցավ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ներկաները միաձայն կողմ քվեարկեցին կանոնադրությանը: Միաձայն անցավ նաև կուսակցության ծրագիրը:
Կուսակցության համագումարի հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լուսինե Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ համագումարին գրանցված պատվիրակները գաղտնի քվեարկությամբ ընտրել են կուսակցության քաղաքական խորհուրդ և վերահսկիչ հանձնաժողով:
«Քվեարկությանը մասնակցել է 330 պատվիրակ, քվեաթերթիկում ներառված քաղաքական խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի կազմերին կողմ են քվեարկել 318 պատվիրակ, 2-ը՝ դեմ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Այսպիսով՝ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն ու վերահսկիչ հանձնաժողովը համարում եմ ընտրված»,- ասաց Լուսինե Ղազարյանը:
«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ընտրած քաղխորհուրդը կուսակցության նախագահի թեկնածու առաջադրեց Մանուկ Սուքիասյանին, որն անցավ միաձայն:
«Մեր կարծիքով՝ ինտելեկտը միակ սպեղանին է, որ կարող է բուժում տալ հասարակության տարբեր արատներին, տգետ հասարակությունները հզոր չեն լինում, տգետ հասարակությունները պետություն առհասարակ չեն ունենում, դրանք տարալուծվում են ու կորչում պատմության ոլորաններում: Այնպես որ, գիտելիքն այլընտրանք չունի»,- իր ելույթում ասաց Մանուկ Սուքիասյանը:
Նրա խոսքով,՝ ցանկացած մեկը, ով կուսումնասիրի ինչ-որ զբաղմունք, որը կստեղծի արժեք, կաշխատի, պետությանը վնաս չպատճառելով, ապա դա ինտելեկտի տեսակ է:
«Ինտելեկտուալ հասարակությունները չեն ասում՝ այսինչը չարիք է, այնինչը՝ փրկիչ, չարիքին տանենք, փրկչին բերենք, և մենք բոլորս լավ կապրենք: Ամենաանհաջող, ամենադժվար հասարակություններում ամենապրոբլեմատիկ պետություններում անգամ հնարավոր է արարել ու ստեղծել, և ամենակայացած ու զարգացած երկրներում կարելի է աղքատության ճիրանների մեջ մնալ: Այնպես որ, ինքներս մեր միջավայրը դարձնենք ավելի ինտելեկտուալ ու գեղեցիկ»,- ասաց Սուքիասյանը:










