Մեծ Բրիտանիայում արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորյան ամրոցի մատուռում
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում, որը գտնվում է միապետի լոնդոնյան նստավայրից ոչ շատ հեռու:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, հուղարկավորության ավարտին եկեղեցական երգչախումբը կատարել է «Աստված, պահպանի՛ր թագուհուն» թագավորական օրհներգը, որից հետո միապետական ընտանիքի անդամները հեռացել են մատուռից:
Նրանց մատուռից դուրս գալիս առաջնորդել է թագուհին, որին հետևել են Ուելսի արքայազն Չարլզը և Քորնուելի դքսուհին Կամիլան:
Պարբերականը նկատում է, որ Սասեքսի դուքսը և Քեմբրիջի դուքսն ու դքսուհին միասին են հեռացել արարողության ավարտին:
Էդինբուրգի դուքս Ֆիլիպի դագաղը՝ մարմարե պատվանդանով հանդերձ, հատուկ վերելակի օգնությամբ իջեցրել են ստորգետնյա թագավորական դամբարանը, որը ժամանակավոր հանգրված է լինելու արքայազն Ֆիլիպի համար: Ինչպես նշվում է, թագուհու մահից հետո վերջինիս կվերահուղարկավորեն նրա հետ միասին մատուռի այն հատվածում, որտեղ հանգչում են Էլիզաբեթ Երկրորդի հայրը՝ Գեորգ VI-ը, նրա կինը, ինչպես նաև թագուհու կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգարեթը:












