Կիևը Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսի ձերբակալությանն ի պատասխան քայլեր կձեռնարկի ընդդեմ ռուս դիվանագետների

12:45 • 17.04.21

Ուկրաինան Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսի կալանավորումը համարում է թշնամական գործողություն Ռուսաստանի Դաշնության կողմից և պատրաստում է պատասխան քայլեր ռուս դիվանագետների դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ենինը միջադեպն անվանել է «հերթական սադրանք» Ուկրաինայի դեմ:

«Գործող պրակտիկային համապատասխան և փոխադարձության սկզբունքի հիման վրա ուկրաինական կողմը  պատասխան է պատրաստում ռուս դիվանագետների նկատմամբ»,-հայտարարել է Ենինը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար: