ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել, որ Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսումը շղթայական ռեակցիա կունենա ԵՄ-ում

21:16 • 19.04.21

Պրահայից ռուս դիվանագետների անհիմն արտաքսումից հետո Եվրամիությունում կարող է շղթայական ռեակցիա սկսվել: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչինչ բացառել չի կարելի, բայց ինձ թվում է, որ այս իրավիճակում Եվրամիությունում Չեխիայի գործընկերները կմնան բանականության սահմաններում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:

ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: