Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է
Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական կոալիցիան հայտարարել է, որ Եմենի օդային տարածքում ոչնչացրել հութիական ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքը։
Այս մասին հայտնում է Al Masdar News թերթը՝ հղում տալով արաբալեզու «Ալ Ուաթան» թերթի կողմից տարածված հայտարարությանը։
Տարածված հայտարարության մեջ կոալիցիան ասում է, որ խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու հութիական ուժերի փորձերը համակարգված և կանխամտածված են՝ շեշտելով, որ, խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենսդրության:
Ավելի վաղ հութիական ուժերը հայտնել էին, որ հարձակում են սկսել Սաուդյան Արաբիայի «Արքա Խալիդ» ավիաբազայի ուղղությամբ։
Անցյալ շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել էին հութիների կողմից արձակված 4 անօդաչու թռչող սարք և 5 բալիստիկ հրթիռներ, որոնք Սադայի նահանգից արձակվել էին թագավորության Ջիզան քաղաքի ուղղությամբ։










