Պետք է հստակ հրապարակեն, թե ազատման հրամանը երբ է եղել, մեր տեղեկություններով՝ նա եղել է ԱԻՆ փոխնախարար․ Վարդան Աթաբեկյանը՝ Բորիս Ավագյանի ազատման մասին
Իրենք պետք է հստակ հրապարակեն, թե ազատման հրամանը երբ է եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի կազմակերպված քննարկմանը, որին հրավեր է եղել Արցախի ԱԻՆ փոխնախարար Բորիս Ավագյանին, ում այսօր ավելի ուշ ասվել է թե ազատված է եղել պաշտոնից։
«Մեր տեղեկություններով նա եղել է ԱԻՆ–ի փոխնախարար։ Երբ նման բան են հայտարարում, կարծեք ԱԺ ինստիտուտին ուզենան վարկաբեկել։ Երբ իր ազատման մասին տեղեկություններ են հայտնում, թող հիմնավորված հայտնեն, որ հասկանանք հրամանի հիմքը, թե հիմա՞ է ազատված եղել, թե՞ հինգ օր առաջ»,–ասաց Վարդան Աթաբեկյանը։
Պատգամավորն ասաց, որ անձամբ է զանգել և հրավիրել Բորիս Ավագյանին՝ իմանալով, որ ԱԻՆ փոխնախարարն է։ Ըստ նրա՝ Բորիս Ավագյանի հայտարարությունները բաց են և չի կարծում դրանք խնդրահարույց են եղել կամ գաղտնիք պարունակող հայտարարություններ է արել։ «Թե ինչ վտանգ են տեսել մեզ հետ հանդիպելու մեջ, ես չգիտեմ»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ ավելի ուշ Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»։










