Իմ որդու զորացրվելուն 75 օր է մնացել, եթե անգամ նա որևէ կրճատումից չօգտվի, ես ուզում եմ, որ իր կողքին կանգնած զինվորների ծառայության ժամկետը կրճատվի. զինծառայողի հայր
Իմ որդու զորացրվելուն արդեն 75 օր է մնացել, թեկուզ նա որևէ կրճատումից չօգտվի, ես ուզում եմ, որ իր կողքին կանգնած զինվորներն օգտվեն: Մենք արդեն վեց ամիս է՝ պայքարում ենք, որ մեր երեխաներին օգուտ տանք, բայց սայլը տեղից չի շարժվում: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ասաց Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկի հայրը՝ Արթուր Բադալյանը՝ խոսելով պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների ծառայությունը կրճատելու պահանջի մասին:
«Իմ ակնկալիքն այն է, որ մեր նախաձեռնող խումբը, որը հիմա Կառավարության շենքում է, դուրս գա ու ներկայացնի վարչապետի պատասխանը: Հարցն այն է, որ մեր տղաները 44 օր կռվեցին, բայց հիմա նորից իրենք են ամբողջ բեռը կրում, պաշտոնյաներն այդ մասին լավ գիտեն, նրանք մինչև պատերազմի ավարտն ասում էին, որ մեր տղաները հերոոներ էին, քաջեր էին, ասպետներ էին, բայց պատերազմից հետո մեր տղաներն անտեսվել են: Մեր զինվորները միայն իրենց ծնողների համար են մնացել քաջեր, հերոսներ ու ասպետներ: Շնորհակալություն Կառավարությանը, պատկան մարմիններին, որ մեր երեխաներին անտեսել են»,-ասաց հայրը:
Զինծառայողի հայրը նշեց, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ անգամ ՊՆ-ից ոչինչ չեն սպասում, ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հարցով զբաղվի ու կարգավորի խնդիրները:










