Այս պատերազմի ընթացքում մենք հնարավորինս ոչնչացրել ենք թշնամուն. իմքայլական Արմեն Խաչատրյան
Ես նշել եմ՝ թշնամուն պետք է ոչնչացնես և հաղթես տարբեր ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Թշնամուն պետք է դարձնես կառավարելի, նրան հաղթես ու ոչնչացնես տարբեր բնագավառներում՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական: Այս պատերազմի ընթացքում մենք հնարավորինս ոչնչացրել ենք թշնամուն, նրանք շատ մեծ կորուստներ են ունեցել և թեև ուժերը եղել են անհամաչափ, նրանք զգալի և էական կորուստներ են ունեցել, որոնք թաքցնում են»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Նա նաև մեկնաբանեց բանակում ծառայության ժամանակաշրջանի կրճատումը և ընդգծեց՝ զինված ուժերում մոտեցումները պետք է փոխվեն:
«Այո, ՀՀ բանակը պետք է լինի առավելագույնս պրոֆեսիոնալ և միանշանակ է, որ պետք է վերանայվեն զինծառայության նորմերը և զինծառայության սկզբունքները, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր բանակը պարապուրդ լինի, մեր զինվորը ծառայության ժամանակ պետք է ազատ ժամանակ չունենա և ամբողջ ծառայությունը անցկացնի ուսուցման մեջ»,-նշեց նա:
Պատգամավորը նաև ընդգծեց՝ բանակի մեջքը պետք է շատ արագ ուղղվի, տարածաշրջանում մեր նշաձողը այլևս Ադրբեջանը չպետք է լինի, այլ տարածաշրջանային այլ երկրներ, նաև Թուրքիան:
«Գնահատականներ պետք չէ տալ, քանի որ տվյալ ոլորտում համապատասխան մասնագետներ կան, գոյություն ունի միջազգային փորձ, գոյություն ունի համագործակցություն այլ ծառայությունների հետ, և բանակը ինչ ֆորմատով կլինի, ինչ կարգավիճակով, մենք կտեսնենք»,- ասաց Արմեն Խաչատրյանը:










