«Ասում են՝ հանքը փոքրացել է, դրա պատճառով քիչ ենք ստանում». Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները փակել էին հանք տանող ճանապարհը, երկաթգիծը ու բողոքի ակցիա էին անում (տեսանյութ)
Մոտ չորս օր է՝ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները փակ են պահում հանք տանող ճանապարհը, որպեսզի իրենց խնդրին լուծում տրվի: Աշխատակիցները պնդում են՝ մոտ յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել, իսկ հանքավայրի տնօրենը որևէ կերպ չի հիմնավորում, թե ինչից է առաջացել աշխատավարձի հետ կապված խնդիրները:
Աշխատակիցներից մեկը նշեց, որ ճանապարհը փակ են պահելու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց աշխատանքի համար բավարար գումար չստանան ու կարողանան ընտանիք պահել:
«Մենք աշխատում ենք ու չենք կարողանում ապրել: Ասում են՝ հանքը փոքրացել է, դրա պատճառով քիչ ենք ստանում»,-ասաց նա:
Աշխատակիցներից մեկի խոսքով՝ մինչ պատերազմն էլ ոչ կանոնավոր են աշխատավարձ ստացել, բայց ամեն դեպքում ստացել են, իսկ պատերազմից հետո, երբ Սոթքի հանքավայրի մեծ մասը մնաց Ադրբեջանին անցնող տարածքում, բազմաթիվ աշխատակիցներ կրճատվեցին, հարկադիր պարապուրդի անցան ու մինչև օրս աշխատավարձ չեն ստացել:
Հանքի աշխատակիցներից մեկը նշեց, որ աշխատավարձ չստացածները շատ են, սակայն այսօր քչերն են պայքարի դուրս եկել, քանի որ, ըստ նրա, վերջիներիս վախեցրել են:
Նշենք, որ աշխատակիցներից չորսը գնացին հանքի տնօրինության հետ հանդիպելու, աշխատակիցներից մեկը նշեց, որ լավ ակնկալիքներ ունեն և հուսով են՝ հարցը կլուծվի այնպես, որ բոլորի սրտով կլինի. «Եթե մեր սրտով չլինի, ավելի մեծ քայլերի ենք պատրաստվում»:










