Ռուսաստանը Ղրիմում նոր ռազմական ճամբար է կառուցում. Der Spiegel (լուսանկարներ)
Der Spiegel գերմանական հրատարակությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է վերջին շրջանում ՌԴ-Ուկրաինա սահմանային լարվածությանը և հարակից թեմաների:
Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք պարբերականի անդրադարձը.
«Մոսկվան Ուկրաինայի հետ սահմանին տասնյակ հազարավոր զինվորների է տեղակայում: Der Spiegel-ի տրամադրության տակ հայտված արբանյակային պատկերները ցույց են տալիս, թե ինչպես է հազարավոր սարքավորումներով հսկայական ռազմական ճամբարը հայտնվել Ղրիմի բռնակցված թերակղզում: Դրանցում երևում է՝ Սև ծովի թերակղզու արևելքում նոր հսկայական բանակային ճամբար է ի հայտ եկել»,- գրում է գերմանական հրատարակությունը:
Հոդվածում մանրամասնվում է նաև, որ ափից ոչ հեռու գտնվող Մարֆովկա գյուղից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա ռուս զինվորականներն աստիճանաբար կառուցել են ժամանակավոր հենակետ:
«Դեռ մարտի 15-ին այս տարածքը դատարկ էր, իսկ արդեն ապրիլի 2-ին այստեղ մի շարք մեքենաներ և շինություններ էին երևում»,- նկատում է Der Spiegel-ը և հավելում՝ ապրիլի 13-ին ստացված արբանյակային պատկերը վերլուծելու դեպքում տեսանելի կդառնա այն, որ ցանկապատված տարածքում գտնվող բնակելի շենքերի հարևան տարածքներում տեղակայված է ավելի քան հազար միավոր ռազմական տեխնիկա:
«Բացի հիմնական ճամբարից, դեպի արևմուտք տանող ավելի փոքր ճամբար է կառուցվել»,- շեշտվում է հրապարակման մեջ:
Ինչ վերաբերում է ժամանակավոր բազաների կառուցմանը, ապա պարբերականի տեղեկություններով՝ դեռ անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ ռուսական բանակը կառուցել է նոր ժամանակավոր բազա Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող Վորոնեժ քաղաքի մոտակայքում:
Der Spiegel-ին հաջողվել է այցելել այս վայրը և դիտել, թե ինչպես է ընթանում ռազմական ճամբարի շինարարությունը:
«Այստեղ զրահամեքենաներ և բեռնատարներ կային հիմնականում 76-րդ և 87-րդ շրջաններից»,- գրում է լրատվամիջոցը, ընդգծելով՝ որ Վորոնեժի մոտակայքում գտնվող ճամբարի հստակ գտնվելու վայրը հնարավոր է դարձել որոշել սոցիալական ցանցերում Conflict Intelligence Team կազմակերպության վերլուծաբան Ռուսլան Լևիևի հրապարակումների շնորհիվ:
«Անցյալ շաբաթ Der Spiegel-ին տված հարցազրույցում նա արդեն իսկ կասկած էր հայտնել այլ ռազմական ճամբարների առկայության մասին, այդ թվում՝ Ղրիմում` այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- շեշվում է հոդվածում:













