«Ղեկին ոչ ոք չի եղել». ԱՄՆ-ում Tesla-ի՝ ենթադրաբար ինքնակառավարման ռեժիմի օգտագործման հետևանքով 2 անձ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)

15:14 • 19.04.21

ԱՄՆ-ում երկու տղամարդ է զոհվել այն բանից հետո, երբ Tesla էլեկտրական մեքենան բախվել է ծառին և բռնկվել, հայտնում է Հյուսթոնի KPRC 2 հեռուստաալիքը:

Մեքենան վթարի է ենթարկվել ապրիլի 17-ի երեկոյան` Տեխաս նահանգի Սպրինգ քաղաքի մոտակայքում: Մարդիկ, որոնք նստած են եղել առջևի և հետևի ուղևորի նստատեղերում, զոհվել են: 

Ոստիկանության տվյալներով՝ վթարից առաջ «ոչ ոք չի վարել» 2019 թվականին արտադրված էլեկտրական մեքենան: Ամենայն հավանականությամբ, մեքենան դրված է եղել ինքնակառավարման ռեժիմի վրա, սակայն մանրամասները դեռևս ճշտվում են:

Զոհերից մեկի հարազատի խոսքով՝ մեքենայում գտնվող անձինք համապատասխանաբար 59 և 69 տարեկան են եղել:

Մեքենայում բռնկված հրդեհը հրշեջներին հաջողվել է մարել միայն 4 ժամում, քանի որ փոխադրամիջոցի մարտկոցներն անընդհատ բռնկվել են:

Օգնության ակնկալիքով՝ հրշեջները փորձել են կապ հաստատել էլեկտրական մեքենաներն արտադրող ընկերության հետ, սակայն դեռևս պարզ չէ՝ արդյոք այն որևէ օգնություն ցուցաբերել է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները ներկայում հետաքննում են Tesla-ի հետ կապված մի քանի վթար, որոնք առնչվում են էլեկտրամոբիլների ինքնակառավարման ռեժիմի կիրառման հետ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: 

ImageImage