Սրճարանում պաշտոնյայից զենքը և համազգեստը խլում են, ես չեմ տեսել այդպիսի կարգ. Վարդան Աթաբեկյանը՝ Բորիս Ավագյանի ազատման մասին (տեսանյութ)

13:30 • 20.04.21

Բորիս Ավագյանին հրավիրել ենք աշխատանքային այցով, որպեսզի հասկանանք՝ ինչպես կարող ենք աշխատանքային խումբ ձևավորել գերիների մասով և ինչքանով դա արդյունավետ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԻՊԾ փոխտնօրեն Բորիս Ավագյանի երեկվա այցին ԱԺ և հանդիպումից հետո աշխատանքից ազատման մասին:

«Չեմ կարող գնահատականներ տալ՝ ինչ աղմկահարույց հայտարարություններ է արել Բորիս Ավագյանը, բայց նրան ԱԺ-ի շենքից դուրս ուղեկցելու ժամանակ իրեն զանգ եկավ ու իրեն ներկայացրին՝ Արայիկ Հարությունյանը ուզում է իրեն ազատել աշխատանքից»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:

Պատգամավորը նշեց՝ երեկվա իրադարձություններն անթույլատրելի են, քանի որ դրանով հարված է հասցվում ՀՀ Ազգային ժողովի հեղինակությանը:

«Նախ մամուլում հրապարակեցին՝ չի հանդիսանում փոխնախարար, այսինքն՝ ստացվում է ԱԺ պատգամավորները չեն հասկանում, թե ում են կանչում աշխատանքային հանդիպման, և, երևի, մամուլի ճնշման տակ նրանք ուղղեցին և նշեցին՝ 19-ին են ազատել Բորիս Ավագյանին, և անհասկանալի է՝ նման քայլով ինչն են ուզում կանխել, այսինքն, որ այդ աշխատանքային խումբը չստեղծվի՞ և գերիների հարցերով չզբաղվե՞նք, ո՞րն է նպատակը»,- նշեց պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց՝ ինչ պայմաններում են Բորիս Ավագյանին տեղեկացրել աշխատանքից ազատման մասին: Ըստ նրա՝ Ավագյանը դեռ չի տեսել աշխատանքից ազատման դիմումը և ոչնչի տակ չի ստորագրել, այդ իսկ պատճառով չի պատրաստվում մեկնաբանություններ տալ:

«Ես չեմ տեսել այսպիսի կարգ, որ պաշտոնյայի ձեռքից սրճարանում զենք են վերցնում: Իմ աչքի առաջ են եկել համազգեստը, զենքը ու վկայագիրը ձեռքից խլել: Բորիս Ավագյանը չի տեսել իր հրամանը և չի կարող հայտարարություններ անել այս պահին, նա իր հրամանը չի ստորագրել, կա՛մ պետք է կանչեն, կա՛մ պետք է բերեն իր մոտ ինչպես երեկ եկան ու զենքը, համազգեստը խլեցին, նա պետք է իրավիճակին ծանոթանա նոր հայտարարություններ անի»,- ընդգծեց Աթաբեկյանը: