«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ 4 ակով կանգնի մայթին». Հայկ Մարության (տեսանյութ)

16:23 • 20.04.21

Երևան քաղաքն այս պահին ավելի շատ ավտոմեքենաների քաղաք է, քան թե հետիոտնի: Իմ մոտ տպավորությունն է, որ մենք մեր քաղաքը հանձնել ենք ավտոմեքենաների, ոնց կարում են, ամեն օր բոլոր մայթերը գրավում են, ու մենք էլ հարմարվելով, մանկական սայլակը մի կերպ գրկել–անցկացնելով, մյուսը մեքենաների արանքները անցնելով՝ Կասկադից մինչև Արշակունյանց պողոտա. ավագանու այսօրվա նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը:

«Երկու տարի առաջ հասկանում էինք, որ այս հարցին մենք չենք անդրադառնում, քանի դեռ մենք չենք լուծում տրանսպորտային համակարգի արդիականացումը, եթե քաղաքացիներին կարողանանք պատշաճ հնարավորություն տալ հասարակական տրանսպորտով ուղևորվել դեպի կենտրոն, մենք այդ պահին սկսած վերադարձնելո՞ւ ենք մայթերը հետիոտներին, այս հարցի շուրջ ուզում եմ մեր ռազմավարությունը հասկանալ»,- նշեց նա:

Հայկ Մարությանը պատասխանեց, որ խնդրի ընդհանրական լուծումը տրանսպորտային ցանցի ընդլայնումն է, որպեսզի խթանեն մարդկանց տրանսպորտով երթևեկելը: Նա նշեց, որ վարորդներին առաջարկվելու է նաև կենտրոն գալ, ոչ թե մեքենայով, այլ տրանսպորտով:

«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով, չպետք է թույլ տանք երկրորդ շարք կանգնել, կամ Շահումյանի հրապարակում կանգնել, այսինքն՝ խախտում անել չպետք է թույլ տանք: Ինձ համար շատ ցավոտ է ամեն օր կենտրոնում տեսնել, որ երեխայի հետ սայլակով մայրիկը իր երեխայի հետ չի կարողանում մայթով անցնել, որովհետև մեկը որոշել է, որ իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճված լինեն մայթին և այդ մեքենան պետք է վերցնել և ուղիղ տանել տուգանային հրապարակ, առանց քննարկման, և մեծ տուգանքով պատժել այդ մարդուն, և ուզում եմ նշել, որ ճանապարհային ոստիկանությունն այդ հզորությունները չունի շատ քիչ քարշակ ունեն, մի քանի հատ ձեռք են բերել բայց, միևնույն է, չեն հասցնում»,- ասաց Մարությանը: