Թուրքական զորքերը գնդակոծել են սիրիական Ռաքքա նահանգի գյուղերը. SANA

16:41 • 20.04.21

Թուրքական զորքերի և Անկարայի վերահսկման ենթակա վարձկանների հրետանին ապրիլի 20-ին գնդակոծման է ենթարկել Սիրիայի Ռաքքայի նահանգի հյուսիսում գտնվող խաղաղ գյուղերը: Ինչպես հաղորդել է Սիրիայի SANA պետական գործակալությունը, գնդակոծման հետևանքով կան վիրավորներ խաղաղ բնակչության թվում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ բնակավայրերի գնդակոծումը կատարվել է Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում թուրքական զորքերի և նրանց վերահսկման ենթակա ահաբեկչական խմբավորումների տեղաբաշխման տարածքից: Հրետանու հարվածների հետևանքով առավել տուժել են Այն Իսայի շրջանի Սեյդա բնակավայրը և այնտեղ տանող ճանապարհները:

Լուրջ վնաս է հասցվել տարածաշրջանի բնակելի տներին, ընդգծված է SASNA-ի հաղորդագրության մեջ: Անցյալ տարվա դեկտեմբերին վերսկսվել են ռազմական գործողություններն Այն Իսա քաղաքի շուրջը, որը գտնվում է Հալեպ-Քամիշլի ռազմավարական խճուղու մոտ: «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) կոալիցիայից քուրդ մարտիկները դիմագրավել են Անկարայի կողմից օժանդակվող կազմավորումների մի քանի գրոհի:

ԺՍՈՒ-ի հրամանատարությունը հրաժարվել է իր ջոկատները հանել Այն Իսայից և դրա շրջակայքից: Չդադարող հրետանային գնդակոծումները, սակայն, հանգեցրել են այն բանին, որ խաղաղ բնակչությունը սկսել է լքել տները և տեղափոխվել հարավ՝ Ռաքքայի վարչական կենտրոնի ուղղությամբ, որը գտնվում է Այն Իսայից 55 կիլոմետր հեռավորության վրա: