ԿԳՄՍ-ն մերժել է տեսողությունը կորցրած պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի ստեղծած ծրագիրը (տեսանյութ)

17:31 • 21.04.21

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը 20 տարի առաջ վերջնական կորցրել է տեսողությունը, բայց գիտելիքով լուսավորել աշխատանքի ճանապարհը: Ծրագրավորող պրոֆեսորը զրոյից ալգորիթմներով ստեղծել է translator.am հարթակը՝ «Իսմա» առցանց բացատրական բառարանի համար: Այդտեղ կա 167.000 հայերեն բառ, որոնք հնարավոր է թարգմանել գրաբար, ինչպես նաև արևմտահայերեն, դրանք էլ իրենց հերթին 12 լեզվով, այդ թվում՝ զազաերեն ու լատիներեն: Էդուարդ Մանուկյանը Tert.am հետ զրույցում պատմել է, որ այդ ամենն արել է իր անձնական միջոցներով՝ իր փոքրիկ թիմի հետ միասին:

Էդուարդ Մանուկյանը թվայնացրել է նաև Պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական մի շարք դասագրքերի ավելի քան 6000 էջ՝ isma.polytechnic.am , բայց ոչ միայն դրանց երկար կյանք տալու նպատակով, այլ նաև որ հեշտացնի ուսանողների գործը: Դասընթացի բառերի վրա սեղմելով՝ հնարավոր է պարզել մասնագիտական ցանկացած տերմինի նշանակությունը ու ոչ միայն:

Տեսողություն չունեցող պրոֆեսորին աջակցողներից մեկը եղել է Օվսաննա Մանուկյանը, որը ՀՊճՀ-ում ուսանելու առաջին կուրսից միացել է բառարանի հարստացման աշխատանքներին և մինչև հիմա Էդվարդ Մանուկյանի կողքին է: Ասում են՝ այդ ծրագրով գումար չեն վաստակում, միայն կրթության ոլորտի զարգացման գաղափարն է իրենց միավորում:

130-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակն ասում է՝ դիմել է կրթության ոլորտը համակարգող նախարարությանը, որ տարիների իր մշակած ու փայփայած ծրագիրը պետությանը տրամադրի՝ անվճար հիմունքներով, որ դրանով Հայաստանում զարգացնեն տեխնիկական ուսուցումը, բայց Tert.am-ին վստահեցրել է, որ հանդիպել է միայն անտարբերության:

Մանրամասները՝ տեսանյութում։