Ճապոնիայի օդանավակայանում՝ 404, Մումբայում՝ 8 դոլար․ Luxury Launches-ը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրների օդանավակայաններում կորոնավիրուսի թեստի արժեքները
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումների ֆոնին և ամառային արձակուրդների նախաշեմին մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Սինգապուրը և մյուսները, դիտարկում են ճանապարհորդությունների համար «կորոնաանձնագրերի»՝ վարակի դեմ պատվաստումը հաստատող փաստաթղթի կիրառման հնարավորությունը, գրում է Luxury Launches-ը։
Անձնագրից զատ պարտադիր պահանջ կլինի կորոնավիրուսի բացասական թեստերի առկայությունը, սակայն պարզվում է՝ թեստի արժեքները տարբեր երկրների օդանավակայանններում տարբեր են։
Skytrax ընկերությունն աշխարհի 77 օդանավակայանում ՊՇՌ թեստերի արժեքի վերաբերյալ ուսումնասիրություն է անցկացրել։ Ընդ որում, պարզվել է՝ Ճապոնիայի Կանսայ միջազգային օդանավակայանում ՊՇՌ թեստն ամենաթանկն արժե՝ 404 դոլար: ԱՄՆ-ում ՊՇՌ թեստն ամենաթանկն արժե Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում՝ 279 դոլար, մինչդեռ Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանում արժե 179 դոլար, իսկ ամենաէժանը Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում է՝ 106 դոլար։
Եվրոպական երկրներում կորոնավիրուսի թեստի համար գանձվող գումարները նույնպես տարբեր են․ օրինակ՝ Հելսինկիի օդանավակայանում այն արժե 317 դոլար, իսկ Ռիգայի օդանավակայանում՝ 44 դոլար։
Հայտնի է նաև, որ ամենացածր գնով կորոնավիրուսի թեստ կարելի է հանձնել Մումբայի օդանավակայանում՝ 8 դոլար։










