ՌԴ-ում կենդանաբանական այգիներից մեկում սպիտակ արջն այցելուի նետած ռետինե գնդակն ուտելուց հետո սատկել է (լուսանկարներ)
Ռուսաստանի կենդանաբանական այգում սպիտակ արջն այցելուի նետած ռետինե գնդակն ուտելուց հետո սատկել է, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ Եկատերինբուրգի կենդանաբանական այգու բնակիչ, Ումկա անունով 25-ամյա արջը երկուշաբթի առավոտյան նախաճաշի ժամանակ հանկարծակի ընկել է գետնին։ Միջադեպին ականատես եղած այգու աշխատակիցն անմիջապես օգնության է կանչել։
Անասնաբույժների խումբը դեպքի վայր է ժամանել 10 րոպե անց և հայտնաբերել, որ Ումկան արդեն սատկել է։
Ավելի ուշ անասնաբույժերը նրա ստամոքսում փոքրիկ ռետինե գնդակ են հայտնաբերել։ Այգու աշխատակիցները, որոնք շատ են տխրել իրենց սիրելի կենդանու մահվան կապակցությամբ, վստահ են՝ գնդակը կենդանու մոտ է նետել այցելուներից մեկը։
Նշվում է, որ Ումկան կենդանաբանական այգի էր ժամանել 1998 թվականին։












