Չադը նախագահի զոհվելուց հետո բացել է օդային և ցամաքային սահմանները
Չադի անցումային ռազմական խորհուրդը տեղեկացրել է, որ Չադը բացել է ցամաքային և օդային ճանապարհները, որոնք փակվել էին երեքշաբթի՝ նախագահի սպանությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Agence France Presse-ին։
Չադի զինված ուժերի մամուլի խոսնանկ, գեներալ Ազեմ Բերմանդոա Ագունան ասել է, որ որոշում է կայացվել նաև պարետային ժամը կրճատելու մասին։ Այժմ պարետային ժամը նախկին 18։00-ի փոխարեն սկսվելու է 20։00-ին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չադում ստեղծվել է անցումային ռազմական խորհուրդ՝ նախագահ Իդրիս Դեբիի մահից հետո. խորհրդի նախագահ է նշանակվել նախկին ղեկավարի որդին` Մահամաթը: Նախագահի մահվան կապակցությամբ Չադում երկշաբաթյա համազգային սուգ է հայտարարվել և երկրի ողջ տարածքում պարետային ժամ է հայտարարվել: Զինվորականները որոշում էին կայացրել փակել երկրի ցամաքային և օդային սահմանները «մինչև նոր հայտարարություն»:
Բախումներում ստացած վնասվածքներից մահացած Չադի նախագահ Իդրիս Դեբին ուղևորվել էր ռազմաճակատ՝ տոնելու ապստամբների դեմ պայքարում տարած հաղթանակը և ղեկավարելու զինված ուժերի գործողությունները, գործակալությանը հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Դեբին ծանր վիրավորվել է երկրի հյուսիսային առաջնագծում բանակի ու ապստամբների բախումների հետևանքով, իսկ ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Շուտով, ինչպես հայտնել են զինվորականները, կհրապարակվի «անցումային կանոնադրություն» և կձևավորվի նոր կաբինետ: Անցումային շրջանի ավարտին նախատեսվում է «ազատ և ժողովրդավարական» ընտրություններ անցկացնել:










