Սի Ծինփինը Բայդենի հրավերով կմասնակցի կլիմայի հարցերով գագաթնաժողովին
ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը ելույթ կունենա կլիմայի հարցերով գագաթնաժողովում։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հրավերով Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ապրիլի 22-ին տեսակապով կմասնակցի կլիմայի հարցերով գագաթնաժողովին և հանդես կգա կարևոր ելույթով», -ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
ԱՄՆ-ն ապրիլի 22-23-ին կանցկացնի կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջազգային գագաթաժողովը, որին հրավիրված են աշխարհի 40 առաջնորդներ: Միջոցառումը նվիրված կլինի շրջակա միջավայր վնասակար արտանետումների նվազեցման ուղղությամբ ջանքերի համախմբմանը:
Անցյալ շաբաթ կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քերին այցելել է Շանհայ, որտեղ հանդիպում է ունեցել չինացի պաշտոնակից Սե Չժենհուայի հետ: Արդյունքում կողմերն ընդունել են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համատեղ հայտարարություն, որում պատրաստակամություն են հայտնել աշխատել Փարիզյան համաձայնագրի իրականացման ուղղությամբ:










