«Ի զորակցություն Սյունիքի, հանուն հայրենիքի». Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ էին, Արարատի մայրուղուց բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ (տեսանյութ)
22:35
Կառավարական առանձնատան մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ, կարմիրբերետավորները ծեծի են ենթարկել ակցիային մասնակիցներից մեկին:
22:05
Ոստիկանների և Փաշինյանի առանձնատան մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների միջև հրմշտոց եղավ. ոստիկանները ուժով փորձում էին հեռացնել մարդկանց:
21:30
Քաղաքացիները փակել են Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի Երևան: Քիչ առաջ ոստիկանությունը Արարատի մայրուղուց բերման ենթարկվեցին Փաշինյանի հրաժարականը պահանջող մի շարք քաղաքացիների:
21:10
Գեղամ Մանուկյանը հանդես եկավ կոչով և տեղեկացրեց քաղաքացիներին՝ Արարատի խճուղու վրա ի շարունակություն այսօրվա Սյունիքի ակցիայի, քաղաքացիները ևս մեկ անգամ հիշեցնելու են, որ «Նիկոլ Փաշինյանը հանգիստ չի ունենալու հայոց հողում»:
«Սյունիքում Նիկոլ Փաշինյանը փորձեց երևալ վարչապետ, բայց միակ բանը, որ արեց, կարողացավ ուղղակի զորամասերում քայլել, չէր հասկանում՝ իր դիմաց կանգնած զինվորը հայհոյում է իրեն և հիշում իր հարյուրավոր զոհված ընկերներին, որոնց նահատակության պատասխանատուն այդ հայրենադավն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը նաև անդրադարձավ այսօրվա Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին առ այն, որ Շուռնուխում 30 տարվա մեջ առաջին անգամ նոր տուն է կառուցվում:
«Հողատուն Սյունիքի մարզպետարանում հպարտացել է, թե Շուռնուխում առաջին անգամ տուն է սարքվում և դա իր հպարտությունն է, բայց հայրենադավը չի էլ հասկանում, որ տուն են սարքում այն մարդկանց համար, որոնց տները մնացին թշնամուն, չի էլ մտածում, որ Շուռնուխում նոր տուն սարքում են այն պատճառով, որ թուրքի սահմանը հասել է Շուռնուխ»,- նշեց Մանուկյանը:
20:59
Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ կառավարության շենքի դիմաց պատրաստվում են դիմավորել Սյունիքի մարզից Երևան ժամանող Նիկոլ Փաշինյանին: Կառավարական առանձնատան դիմաց տեղակայվում են մեծ թվով ոստիկաններ:
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարական ամառանոցի մոտ են:
Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվության բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ժամը 20։30 հավաքվում ենք իր կյանքի մեծագույն երազանք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ, որ Սյունիքից տունդարձին հասկանա կրկին ու կրկին՝ նա Հայաստան աշխարհի ցանկացած անկյունում էլ համարվելու է հայրենադավ։ Ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի»:
Հիշեցնենք նաև, որ այսօր Սյունիքի մարզում այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա այց կատարել համայքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկոլ դավաճան, թուրք և հողատու», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:










