2018-2020 թթ. Եվրոպայում ավելի քան 18 000 ներգաղթյալ երեխա է անհետ կորել. նրանց մեծ մասը տղաներ են. The Guardian
Առանց ուղեկցորդների եվրոպական երկրներ ժամանելուց հետո վերջին տարիներին անհետացել է ավելի քան 18 000 ներգաղթյալ երեխա:
Այս մասին են վկայում The Guardian-ի և Lost in Europe միջազգային լրագրողական համայնքի իրականացրած հետաքննության տվյալները:
Ներգաղթյալ երեխաներից 18 292-ն անհայտ կորել են Եվրոպայում 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը 1 օրվա կտրվածքով 17 երեխայի կորուստ է, գրում է The Guardian-ը: Ավելին, միայն 2020 թվականին եվրոպական 13 երկրում անհետացել է 5768 երեխա:
Երեխաների մեծ մասը Եվրոպա է ժամանել Մարոկկոյից: Զգալի թվով երեխաներ արտագաղթել են նաև Ալժիրից, Էրիթրեայից, Գվինեայից և Աֆղանստանից: Ըստ առկա տվյալների, նրանց 90 տոկոսը տղաներ են, որոնցից յուրաքանչյուր վեցերորդը՝ 15 տարեկանից ցածր է:
Հետաքննությունը, որը տեղեկատվություն է հավաքել անհայտ կորած անչափահասների մասին ԵՄ բոլոր 27 անդամ-երկրներից, այդ թվում՝ Նորվեգիայից, Մոլդովայից և Շվեյցարիայից, պարզել է, որ տրամադրված տեղեկատվությունը հաճախ հակասական է կամ թերի, ինչը նշանակում է, որ անհայտ կորած երեխաների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
Լրատվամիջոցը նշում է՝ Իսպանիան, Բելգիան և Ֆինլանդիան տվյալներ են հաղորդել միայն մինչև 2019 թվականի ավարտի վերաբերյալ, իսկ Դանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդհանրապես տվյալներ չեն տրամադրել:










