Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրում ռուս զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման հարցով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա

03:44 • 21.04.21

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն չի բացառել, որ երկրում ռուս զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման հարցերի քննարկման նպատակով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա, հաղորդում է ТАСС-ը:

«Ռուսաստանը Թուրքիայում կորոնավիրուսի ցուցանիշների աճի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մեր երկրի հետ: Պարոն Պուտինն այս հարցով հեռախոսազրույց է ունեցել մեր նախագահի հետ: Այս որոշման ետևում քաղաքական ենթատեքստ չկա: Նախորդ տարի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի նվազումից հետո մենք Գերմանիայի հետ զբոսաշրջության կազմակերպման առումով մոդել ստեղծեցինք: Մենք մեկնելու ենք Մոսկվա, որպեսզի համագործակցության այդ մոդելը ներկայացնենք»,- Haber Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Չավուշօղլուն:

Բայց մինչ այդ, ըստ Չավուշօղլուի, սկզբում պետք է Թուրքիայիում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազեն: Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է նաև, որ Անկարայում սպասում են ռուսական պատվիրակության այցին, որը պետք է ծանոթանա զբոսաշրջային գոտիներում հանգստի մեկնողների անվտանգությունն ապահովելու միջոցառումներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ՝ այդ երկրում կորոնավիրուսային վարակների թվի աճի պատճառով: Երկրների միջև ավիահաղորդակցությունը կսահմանափակվի շաբաթական երկու՝ Մոսկվա-Ստամբուլ և Ստամբուլ-Մոսկվա չվերթներով: 

Ռուսաստանի այս որոշումը հաջորդեց Անկարայում Ուրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահի՝ Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին հակասող հայտարարություններից հետո: