Զելենսկին ՌԴ-ի հետ լարվածության ֆոնին ստորագրել է օրենք, որը թույլ կտա 1 օրում բանակը համալրել պահեստազորայիններով

13:01 • 21.04.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել հատուկ ժամանակահատվածում զինվորական ծառայության զորակոչի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:

Այժմ Դոնբասում իրավիճակի սրման դեպքում բանակը մեկ օրում կարող է համալրվել պահեստազորայինների հաշվին` առանց մոբիլիզացիա հայտարարելու:

Մարտի վերջին տվյալ փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 256 խորհրդարանական: Ձայների անհրաժեշտ քանակը 226-ն էր: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց:

«Դա զգալիորեն կբարձրացնի մարտունակությունը ռազմական ագրեսիայի ժամանակ, որը զգալիորեն աճում է, ինչպես նաև թույլ կտա արագորեն մեծացնել պաշտպանության ուժերի մարտական ներուժը և համաժամանակյա արձագանքել ազգային անվտանգության հանկարծակի սպառնալիքներին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Զելենսկիի ստորագրած օրենքով բարեփոխումներ են նախատեսվում նաև զինվորական հաշվառման և ռազմական կառավարման տեղական մարմինների համակարգում` հիմնվելով եվրոպական սկզբունքների և մոտեցումների վրա:  

Հիշեցնենք, որ իրավիճակը Դոնբասում սրվել է մարտի վերջերին: Ուկրաինացի ուժայինները և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները միմյանց են մեղադրում իրավիճակը սրելու համար: