Մենք չենք համարում, որ ամենախելոքն ենք, եթե կան խելամիտ ծրագրեր, մենք իրականացնում ենք. Վահան Քերոբյանը՝ Կարեն Կարապետյանի նախաձեռնած ծրագրի մասին (տեսանյութ)
Ներդրողները շատ են ու տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ են, սկսած՝ IT-ից վերջացրած կառուցապատման նախագծերով, հենց հիմա մի քանի հարյուր միլիոն դոլարանոց նախագիծ կա: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարը նշեց, որ խոսքը Գյումրիի «Կումայրի» կենտրոնի ծրագրի մասին է: «Ու այսպիսի շատ պրոյեկտներ կան»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր դա նախաձեռնել, նախարարն ասաց, որ Կարեն Կարապետյանը մասնակից է:
Դիտարկմանը, թե փաստորեն էլի նախկինների ծրագրերն եք քննարկում, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Մեր մոտ կա բոլոր տիպի ծրագրեր, մենք չենք համարում, որ մենք ամենախելոքն ենք, և եթե կան խելամիտ ծրագրեր, մենք իրականացնում ենք»: Նա նշեց, որ Կառավարությունում բոլորն էլ համարում ենք, որ իրենք ամենախելոքը չեն:
Նա նաև ասաց, որ նույնիսկ երկնիշ աճը իրեն չի բավարարում և համարում է, որ պետք է բոլորով ավելի արագ տեմպերով ստեղծենք Հայաստանի համար հնարավորինս բարձր տնտեսական աճ: «Ամեն օր նոր բան է բացվում, նոր բիզնես է սկսվում»,- տեղեկացրեց նա:










