Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Guardian
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսմանյան կայսրության կողմից Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած հայերի կոտորածը պաշտոնապես կճանաչի որպես Ցեղասպանություն: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Ակնկալվող քայլը, մի բան, որը Բայդենը խոստացել էր անել թեկնածու եղած ժամանակ, կարող է հետագայում ավելի բարդացնել թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները: Վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչները չորեքշաբթիի դրությամբ Թուրքիային ոչինչ չեն տեղեկացրել, և Բայդենը դեռ կարող է փոխել իր միտքը»,- ասել է պաշտոնյաներից մեկը:
Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ Բայդենը Ցեղասպանության ճանաչումը ներառի ոգեկոչման օրվան նվիրված ամենամյա հայտարարության մեջ, որով հանդես են գալիս նախագահները: «Բայդենի նախորդ գործիչները խուսափել են «Ցեղասպանություն» եզրույթից՝ ոգեկոչելով պատմության այս մութ էջը»,- նկատում է պարբերականը:
Բրիտանական պարբերականը հիշատակում է նաև ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականի հեղինակած նամակի մասին, որով երկրի նախագահին և կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել պատմական իրադարձությունը՝ վերջ դնելով ԱՄՆ-ի «երկար ձգձգված ամոթալի լռությանը»:
Պարբերականը նկատում է, որ Բայդենի և Էրդողանի հարաբերությունները հարթ չեն սկսել: Բայդենի նախագահության երեքամյսա ժամկետում առաջնորդները դեռ զրույց չեն ունեցել:
Նշենք, որ այսօր ավելի վաղ նման ենթադրության մասին գրել էին նաև New York Times և The Wall Street Journal պարբերականներն՝ առաջին անգամ նշելով, որ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:










