Ղրիմում զանգվածային զորավարժություններ են սկսվել

14:29 • 22.04.21

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտական պատրաստվածության անակնկալ ստուգման շրջանակում ժամանել է Ղրիմ՝ ստուգելու ռազմածովային և ցամաքային զորքերի պատրաստությունը զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը:

Գերատեսչության ղեկավարՆ ուղղաթիռով թռչել է այն շրջանների վրայով, որտեղ տեղակայված են զորքերն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև լսել է զորավարժությունների ընթացքում զորքերի առաջիկա գործողությունների մասին զեկույցը:

«Օպուկ» զորավարժարանը, որտեղ այսօր վարժանքներ են ընթանում, գտնվում է Թեոդոսիայից 60, իսկ Կերչից 40 կմ հեռավորության վրա: Զորավարժությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 12:05-ին (Երևանի ժամանակով 13:05):

Երեկ ՝ ապրիլի 21-ին, զորավարժություններում ներգրավված ուժերը տեղափոխվել են համակենտրոնացման շրջաններ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունների տարածք են ժամանել Սևծովյան նավատորմի մի խումբ և Կասպից նավատորմի ուժերի մի մասը: Ռազմական տրանսպորտային ինքնաթիռները անձնակազմով և ռազմական տեխնիկայով մեկնել են նշանակված տարածք: Ծովային հետևակի  ստորաբաժանումները բեռնվել են խոշոր դեսանտային նավերի վրա: Բացի այդ, սահմանված տարածքներում տեղակայվել են առափնյա ուժեր, հակաօդային պաշտպանություն և զենիթահրթիռային համակարգեր, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ: