Սյունիքից բերման ենթարկվածները Քննչական կոմիտեում են. բակում նրանց աջակիցներն են (տեսանյութ)

12:15 • 22.04.21

13։29

Քննչական կոմիտե ժամեր առաջ բերվել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Նրա փաստաբանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ գիշերը ժամը 03։00-ի մոտակայքում Մեղրիի բաժնից Ոստիկանության աշխատակիցներ են ժամանել քաղաքապետի բնակարան, հրավիրել են Ոստիկանություն, ինչից հետո Զաքարյանը ներկայացել է Մեղրիի բաժանմունք, հետո Կապանի, իսկ լուսադեմին նրան տեղափոխել են Երևանի Քննչական կոմիտե։ Նա նաև նշեց, որ այս պահին անհայտ է՝ որ ուղղությամբ են տարել Մեղրիի և Գորիսի փոխքաղաքապետերին:

Քննչական կոմիտեի բակում են նրանց աջակիցները, որոնք լրագրողների հետ զրույցում պնդում են, որ որևէ իրավական օրինաչափություն չկա այն գործողությունների մեջ, որոնք իրականացվել են Մխիթար Զաքարյանի նկատմամբ:

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որը նույնպես Քննչական կոմիտեի դիմաց է, տեղեկացրեց, որ այս պահին կան 20-ից ավել ձերբակալված սյունեցիներ, այդ թվում՝ Շուռնուխի գյուղապետի եղբայրը, որը, թեև տևական ժամանակ է՝ առողջական խնդիրներ ունի, այդ վիճակով ձերբակալվել է:

Ձերբակալվածների մեջ կան նաև պատերազմի մասնակիցներ:



12։20

Երեկ գիշերվանից Սյունիքի մարզում սկսված այս գործողություններն ընդհանրապես աղերս չունեն իրավաբանության հետ և դրանք ծաղր են քրեական իրավունքի նկատմամբ: Այս մասին այսօր Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ խոսելով սյունեցիներին, համայնքների ղեկավարներին, քաղաքապետներին բերման ենթարկելու մասին:

Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում:

Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ հստակ տեղեկություն չունի, թե բերման ենթարկվածներն ինչ կարգավիճակով են ՔԿ հրավիրված, սակայն ըստ նրա տեղեկությունների՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ են հարուցել:

«Այն պարագայում, որ հստակ տեսանյութեր կան, որ երեկ տեղի ունեցած միջադեպերի ընթացքում Մխիթար Զաքարյանը, պարզապես համայնքի ղեկավարի իր պարտավորություններն իրացնելով՝ դուրս է եկել փողոց և փորձել է հանդարտեցնել համայնքի բնակչությանը, նա ևս ասել էր, որ դուրս է եկել փողոց, որպեսզի իր վրա վերցնի այն հարվածները, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Ինձ համար անտրամաբանական է Մխիթար Զաքարյանին ՔԿ բերելն ու խուլիգանության հոդվածը նրա վրա բարդելը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: