«Թթվածինը կվերջանա 72 ժամից». Բալիի ափերի մոտ անհետացած սուզանավը դեռևս չի հաջողվել գտնել

17:17 • 22.04.21

KRI Nanggala 402 սուզանավում, որն անհետացել էր Ինդոնեզիայի Բալի կղզու ափերի մոտ, 72 ժամ անց ամբողջովին կվերջանա թթվածինը:

Այս մասին հայտնում է Сhannelnewsasia-ն՝ վկայակոչելով Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ղեկավար Յուդո Մարգոնոյի խոսքերը:

Նրա խոսքով՝ սուզանավի թթվածինը բավարար կլինի մինչև շաբաթ առավոտ:

Նշվում է, որ սուզանավը կառուցվել է այնպես, որ կարողանա դիմակայել ջրի  ճնշմանը առավելագույնը մոտ 250 մետր խորության վրա:

Նավում անձնակազմի 49 անդամ կա, այդ թվում՝ 1 հրամանատար և 3 սպառազինության մասնագետ:

Որոնողական գործողություններում ներգրավվել է 21 նավ, 5 ինքնաթիռ և 2 սուզանավ:

Հիշեցնենք, որ KRI Nanggala 402 սուզանավի հետ կապն ընդհատվել էր ապրիլի 21-ին, Բալի կղզու մոտակայքում վարժանքների ժամանակ սուզվելու թույլտվություն խնդրելուց մեկուկես ժամ անց: