Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

11:23 • 22.04.21

Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:

«Եկեղեցում կանցկացվի հոգեհանգստի արարողություն, որից հետո ներսում կլինի փոքրիկ համերգ՝ դուդուկահար Լևոն Մինասյանի և ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի մասնակցությամբ»,- ասել է Գասպարյանը: 

Անի Գասպարյանը նշել է, որ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված խաչքարի մոտ քաղաքացիները հնարավորություն կունենան ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սուրբ Հակոբ եկեղեցու առջև տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի հայերի պատմության հանրագիտարանի ներկայացումը: 

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ-շվեցարական միությունը և Հայ առաքելական Սուրբ եկեղեցին:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը:  Ցեղասպանությունը  ճանաչել  և  դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: