Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել իսրայելական հրթիռային հարվածները
Սիրիան ՄԱԿ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջում է դատապարտել իսրայելական վերջին հարվածները Դամասկոսի մատույցներում: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին դատապարտել Իսրայելի վախկոտ ագրեսիան Դամասկոսի մերձակայքում, որն իրականացվել է այսօր գիշերը, ինչպես նաև Սիրիայի ինքնիշխանության դեմ շարունակվող համակարգված և պլանավորված թշնամական գործողությունները երեք օկուպանտների`ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի կողմից»,-ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նշել է, որ որոշ երկրներ, որոնք համաձայնում են Իսրայելի կողմից Սիրիային հասցվող հարվածներին, դառնում են Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ իրականացվող ահաբեկչական հանցավոր գործունեության մասնակից:
«Սիրիան հայտարարում է, որ թույլ չի տա այդ ագրեսորներին և ահաբեկիչներին իրականացնել իրենց երազանքները և ոչնչացնել Սիրիան, և չի հրաժարվի իր իրավունքից` պաշտպանել իր ժողովրդին, տարածքները և ինքնիշխանությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Սիրիայի հակաօդային պաշտպանությունն արձագանքել է Դամասկոսի նահանգում իսրայելական հրթիռային հարձակմանը: Ըստ ՍԱՀ պաշտպանության նախարարության, Արաբական Հանրապետության տարածքի վրա կատարված հարվածի հետևանքով 4 զինվորական է վիրավորվել:










