ՌԴ-ն կողմ է ռազմագերիների «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակմանը. այդ քայլը բարենպաստ պայմաններ կստեղծեր մի շարք կարևոր հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու համար. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում, պատասխանելով ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց մասին հարցին, նշել է՝ ՌԴ-ն կողմ է բոլոր ռազմագերիների փոխանակման սկզբունքին:
«Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում ամենասուր տարաձայնություններից մեկը հարթելու ուղղությամբ: Կողմ ենք ռազմագերիների «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակմանը, և այդ քայլն իսկապես բարենպաստ պայմաններ կստեղծեր մի շարք կարևոր հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու համար»,- նշել է դիվանագետը:
Զախարովան անդրադարձել է նաև Բաքվում բացված «ռազմավարի այգու» թեմային: «Ինչ վերաբերում է այգուն, մենք հույս ունենք, որ գործնականում Բաքուն և Երևանը կձգտեն այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը և ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը: Հսկայական գին է վճարվել՝ մարդկային կյանքեր: Պետք է օգտվել այս միևնույն ժամանակ ողբերգական և ապագայի հույս տվող պահից՝ խաղաղ նպատակներով և ոչ թե այս պահն օգտագործել իրավիճակի էլ ավելի խորացման համար, քան կար նախկինում: Չստեղծել նոր բաժանարար գծեր: Դա դժվար է, դժվար է հաղթահարել նաև հոգեբանորեն: Այո՛, շատերը համաձայն չեն արդյունքների հետ: Շատերն են ցանկանում շարունակություն կամ ռևանշ: Մի՞թե նման խնդիրների ստեղծումը կնպաստի կարգավորմանը և խաղաղության վերադարձին: Պատասխան կարծում եմ կլինի՝ ոչ»,- ասել է դիվանագետը:
Վերջինս հավելել է, որ այս պահին կարևոր խնդիր է համարվում Հաաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձևավորումը, որը հնարավորություն կտա Անդրկովկասում կայուն զարգացում ապահովել: «Դա համապատասխանում է տարածաշրջանում մեր բոլոր գործընկերների շահերին»,- ընդգծել է Զախարովան:
Պատասխանելով Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական ուժերի բացած կրակի մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ռևանշ վերցնելու ձգտումներից և ռազմատենչ հռետորաբանությունից:










