Բայդենը հայտարարել է Կլիմայի հարցով գագաթնաժողովի շրջանակում արձանագրված «գերազանց առաջընթացի» մասին (տեսանյութ)

19:33 • 23.04.21

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավորած Կլիմայի հարցով գագաթնաժողովի շրջանակներում «գերազանց առաջընթաց» է արձանագրվել, սակայն դա դիտարկում է «երկար ճանապարհի սկիզբը»։

«Իմ կարծիքով, մենք գերազանց առաջընթաց ենք արձանագրել։ Ես շնորհակալ եմ բոլոր պետությունների ղեկավարներին, որոնք հայտարարել են նոր պարտավորությունների մասին, որոնք կոչված են պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ»,- միջազգային միջոցառման երկրորդ օրվա ընթացքում ելույթի ժամանակ ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը «ճանապարհի սկիզբն» է, որի շնորհիվ իրականություն կդառնան համաշխարհային առաջնորդների կողմից հնչեցված կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի նոր պարտավորությունները։

Կլիմայի հարցով գագաթնաժողովն անցկացվում է վիրտուալ ձևաչափով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի նոր վարչակազմը հայտարարել է կլիմայի փոփոխության օրակարգին վերադառնալու մասին և նախատեսում է էկոլոգիապես մաքուր ենթակառուցվածքի ոլորտում էապես ավելացնել ներդրումները: