Գրետա Թունբերգը հուզմունքով է հիշել կլիմայի փոփոխության վերաբերյալ իր հրապարակային ելույթների հասցեին Թրամփի «արհամարհական և ծաղրական հայտարարությունները»

23:26 • 23.04.21

«Գրետա Թունբերգ. աշխարհը փոխելու տարին» հաղորդման ընթացքում, որը պատմում է շվեդ էկո-ակտիվիստուհի Գրետա Թունբերգի բնապահպանական գործունեության մասին, վերջինս հուզմունքով է հիշել կլիմայի փոփոխության վերաբերյալ իր հրապարակային ելույթների հասցեին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արհամարհական և ծաղրական հայտարարությունները։

Թունբերգը խոստովանել է՝ «հոգատարությունն իր լավագույն հատկանիշն է»։

«Ես շատ զգացմունքային եմ, ես շատ փոքր եմ, և ինչ-որ առումով շատ թույլ եմ, բայց ես հպարտ եմ այս ամենով»,- ասել է Թունբերգը:

Նա հիշել է 2020 թվականի հունվարին Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթը և «Թրամփի պատասխան արհամարհանքը»:

Թունբերգը, որը հազիվ է զսպել արցունքները, նշել է՝ մինչ օրս չի հասկանում հեգնանքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ապագա սերունդներին ավելի լավ Երկիր մոլորակ ժառանգել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախկին առաջնորդը բազմիցս մեկնաբանել է Գրետա Թունբերգի ելույթները։

«Գրետան պետք է աշխատի իր ցասումը զսպելու խնդրի վրա, իսկ հետո ընկերոջ հետ հին, բարի ֆիլմ դիտելու գնա։ Հանգստացիր, Գրետա, հանգստացիր»,- մի առիթով գրել է նա։