«Ես ձու նետող չեմ, գրանատ նետող տղա եմ». Շուռնուխի գյուղապետի եղբայրը դուրս եկավ ՔԿ-ից (տեսանյութ)
Ես ինձ արդեն մի փոքր լավ եմ զգում, բայց եղել եմ ծայրահեղ վատ վիճակում, երբ ինձ տանից հանեցին ապօրինի կերպով և բերման ենթարկեցին ու հասցրեցին Երևան, բայց ես ոչնչի հետ որևէ կապ չեմ ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետի եղբայր Արարատ Աղաբեկյանը:
«Ինձ բերման են ենթարկել խայտառակ կերպով, մարտական ուղիս մի կողմ դնելով, ինձ ստորացնելով՝ բերել են, հասցրել այստեղ, այդքանից հետո ոմն պատգամավոր նաև ասում է, որ պետք է հենց այդպես ստորացնելով, չոքացնելով բերեին այստեղ»,- ասաց Արարատ Աղաբեկյանը:
Շուռնուխցին նաև նշեց՝ նրան ազատ են արձակել ստորագրության դիմաց, որ երկրից չպետք է բացակայի:
«Ես ինձ որևէ բանում մեղավոր չեմ ճանաչել, քանի որ ես մեղք չեմ գործել ես այդ տղան չեմ: Ինձ ինչ-որ խուլիգանության հետ են կապում, որ ես ձու եմ նետել, բայց ես ձու նետող չեմ, ես գրանատ նետող տղա եմ և դա է իմ մարտավարությունը, ես իրենց նման կատու չեմ»,- նշեց շուռնուխցին:
Քաղաքացին նշեց՝ բոլորը պետք է պատասխան տան այդ բեմադրության համար, և հավելեց՝ ցավ է ապրում, որ Սյունիքի բողոքի ակցիայի ժամանակ վատառողջ պառկած է եղել և չի կարողացել ներկա գտնվել:
«Երեկ իրական թատրոն էր բեմադրված, իջել եմ ավտոյից ու կինոն սկսվել է, «ջիմինները» թափվեցին գլխիս ու վզիցս քաշելով՝ վերցրել են, տանում են, ես խնդրեցի՝ հանգիստ տանեն, վատառողջ եմ, չեմ կարողանում շնչել»,- նշեց Արարատ Աղաբեկյանը:










