Շանհայի արդյունաբերական օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել. զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 2 հրշեջ

09:11 • 23.04.21

Ութ մարդ, այդ թվում՝ 2 հրշեջ է զոհվել Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող արդյունաբերական հաստատությունում բռնկված հրդեհի պատճառով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների  հայտարարությունը:

Հրդեհը տեղի է ունեցել Ցզինշանի շրջանում գտնվող Shanghai Shengrui Electronic Technology-ին պատկանող արդյունաբերական օբյեկտներից մեկում: Տեղական ժամանակով 06:20-ին կրակը մարվել է:

Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները տևել են գրեթե ամբողջ գիշեր, որի արդյունքում փրկարարները հայտնաբերել են ութ մարմին, այդ թվում՝ 2 հրշեջի, որոնք դեպքի վայր էին մեկնել ահազանգը ստանալուն պես:

Ներկայում դեպքի վայրում աշխատանքներ են տարվում հետևանքները վերացնելու ուղղությամբ, հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, հետաքննությունը շարունակվում է: