«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը». The Fresno Bee-ն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին
The Fresno Bee ամերիկյան պարբերականը հրապարակել է ամերիկահայ վիպասան Քրիս Բոհջալյանի հոդվածը, որում անդրադարձ է կատարվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպության հավանական ճանաչմանը:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
«Եթե Լաս Վեգասը գրազ գար այն բանի վրա, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը Հայոց ցեղասպանության մասին նախագահի ամենամյա հայտարարության մեջ, ես խաղադրույք կկատարեի «այո» տարբերակի վրա:
Դուք կարծում եք, որ դա անիմաստ է, քանի որ պատմաբանները համաձայն են, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի, 300 000 ասորիների և անթիվ հույների իստեմատիկ ոչնչացումը ցանկացած սահմանմամբ ցեղասպանություն էր:
Միայն ականատեսների վկայություններն ու հուշերը ամբողջական գրադարան են լցնում, իսկ լրատվամիջոցները ժամանակին լայնորեն լուսաբանում էին Հայոց ցեղասպանության թեման: New York Times-ը հատկապես նպատակադրված էր կոտորածների մասին իրազեկվածության բարձրացմանը՝ ավելի քան 100 հոդված հրապարակելով վայրագությունների և կոտորված հայերի ցնցող թվերի մասին:
Մենք գիտենք նաև, թե ինչ են տեսել ամերիկացի դիվանագետները ներկայիս արևելյան Թուրքիայի տարածքում, և թե ինչպես է Օսմանյան կայսրությունում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն կատաղի կերպով կռվել Ցեղասպանության «ճարտարապետ» Թալեաթ փաշայի հետ բնաջնջման քաղաքականության հարցի շուրջ:
Գերմանացիները նույնպես ականատես են եղել դրան, և չնայած ոմանք սարսափում էին դրանից, մյուսները ոգեշնչվում էին: Օսվենցիմի հրամանատար Ռուդոլֆ Հոեսը այնտեղ էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1920-ականների սկզբին Հայնրիխ Հիմլերը մտածում էր Աթաթուրքի կողմից ստեղծված Թուրքիայի Հանրապետություն տեղափոխելու մասին, իսկ Ադոլֆ Հիտլերը իր աշխատասենյակում պահում էր Աթաթուրքի կիսանդրին:
Հոլոքոստը կարող էր տեղի ունենալ՝ առանց Հայոց ցեղասպանության նախադեպի: Բայց պատմաբան Շտեֆան Իհրիգն իր «Արդարացնելով Ցեղասպանությունը» գրքում համոզիչ կերպով պնդում է, որ երիտասարդ նացիստները այնտեղ էին, երբ երիտթուրքերը աշխատում էին, և նրանք տեսնում էին, թե որքան հեշտ է ազգի խնդիրները բարդել էթնիկ փոքրամասնությունների վրա, ապա ռացիոնալացնել նրանց սպանությունը: 1939 թ.-ի օգոստոսի 22-ին Լեհաստանում Հիտլերը, դիմելով Վերմախտի հրամանատարներին, ասել է՝ «ինքը ստեղծել է մահապարտների կազմավորում՝ նրանց հրամայելով անխնա և առանց կարեկցանքի կյանքից զրկել լեհական ծագմամբ կանանց, տղամարդկանց և երեխաների: Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Բայց ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, վախենալով զայրացնել Թուրքիային, որը կատաղիորեն պնդում է, որ իրենց օսմանյան պապերի ու նախապապերի ձեռքերն արյունոտ չեն: Փոխարենը, ամերիկացի նախագահները միշտ գտել են հոմանիշներ, որոնք ավելի ականջահաճո են Թուրքիայի համար:
Ես հավատում եմ, որ այս տարի կարող է այլ լինել:
Նախ, քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Բայդենն ասել էր, որ սպանդը կկոչի «ցեղասպանություն»: Ես նրան ընկալում եմ որպես իր խոսքի տեր մարդ:
Երկրորդ, մենք վերջին տասնամյակում հետևողականորեն տեսել ենք, թե ինչ դատապարտելի դաշնակից է Թուրքիան: 2015 թվականին ես կանգնած էի Թուրքիայի հետ սիրիական սահմանին և տեսել եմ, թե ինչ հեշտությամբ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինվորները հետ ու առաջ տեղաշարժվում: 2020 թվականի աշնանը Թուրքիան օգնել էր Ադրբեջանի անառարկելի հարձակմանը Արցախի հայկական հանրապետության վրա՝ զենք տրամադրելով (ներառյալ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր) և վարձկան զինվորներ տեղափոխելով ադրբեջանական բանակ՝ հետագա օգնություն ցուցաբերելու համար:
Երրորդ, Միացյալ Նահանգները ոչինչ չի ձեռնարկել անցյալ տարի Արցախի վրա ադրբեջանական այդ հարձակումը կասեցնելու համար: Մենք երբեք պատժամիջոցներ չենք կիրառել Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ՝ պահանջելով երկներից կանգ առնել: Մենք ոչինչ չենք ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը հայ ռազմագերիներին վերադարձնի: Միայն ընդունելը, որ Օսմանյան կայսրությունը պատասխանատու էր ցեղասպանության համար մեկ դար առաջ, չի շտկի այդ բարոյական բացթողումները, բայց դա իրական քաղաքականության աշխարհում ազդանշան կուղարկի Էրդողանին առ այն, որ ԱՄՆ-ն կրկին ներգրավված է միջազգային դիվանագիտության մեջ, և որ երկիրը չի մոռանում Կովկասի մասին:
Չորրորդ, ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ քվեարկել էրայն բանաձևերի օգտին, ըստ որոնց՝ իրականացված սպանդը «ցեղասպանություն» էր, և դրանով երկինքը փուլ չի եկել:
Հինգերորդ, պատմաբանները նշում են, որ ցեղասպանությունն ավարտին հասցնելու վերջին փուլը դրա ժխտումն է, և այդ հերքումը դառնում է հաջորդ փուլի սկիզբը: Ինչպես իմ վեպերից մեկի հերոսն է ասում՝ «հայերին, հրեաներին, կամբոջացիներին, բոսնիացիներին և ռուանդացիներին կապող մի տող կա: Ակնհայտորեն ավելի շատ բան կա, բայց իրականում որքան ցեղասպանություն կարող է տեղավորվել մեկ նախադասությունում»:
Հիմա ես անընդհատ սխալվում եմ: Ես 2016 թվականին The New York Times պարբերականում գրել էի, որ երբեք չէի մտածի, որ Արցախն ու Հայաստանը պատերազմում կպարտվեն Ադրբեջանին: Չորս տարի անց նրանք պարտվել են:
Բայց եթե Նևադայում գրասենյակները այս շաբաթ սկսեն խաղադրույքներ կատարել, ես գիտեմ, թե որտեղ ինչի վրա խաղադրույք կկատարեի: Փաստն այն է, որ ժամանակն է՝ Ամերիկայի նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը և հայ ժողովրդի բռնի արտաքսումը սեփական հայրենիքից»:










