Ռուսաստանը սկսել Է զորքերը ռազմակայաններ վերադարձնել Ղրիմի վարժանքներից հետո

15:32 • 23.04.21

Ռուսաստանի զինվորականները, որոնք մասնակցել են Ղրիմի զորավարժություններին, սկսել են վերադառնալ ռազմակայաններ: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ապրիլի 23-ին Հարավային ռազմական օկրուգի և Օդադեսանտային զորքերի ուժերը, որոնք գործի են դրվել մարտունակության անակնկալ ստուգման միջոցառումներում, սկսել են վերադառնալ մշտական տեղաբաշխման կետեր»,-ասել են ռազմական գերատեսչությունում:

«Ներկայում ռազմական ստորաբաժանումները և միավորումները երթեր են կատարում բեռնման երկաթուղային կայարաններ և օդաթռիչքարաններ, իրականացնում են դեսանտային նավերի, երկաթուղային հարթակների և ավիացիայի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների բեռնում»,-ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Զորավարժություններից հետո Ղրիմից նաև կհեռանան Հարավային ռազմական օկրուգի քիմպաշտպանության զորքերը:

Ապրիլի 22-ին Ղրիմում կայացել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և Օդադեսանտային զորքերի վարժանքների հիմնական փուլը: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններում գործարկվել է ավելի քան 10 հազար զինծառայող, 1,2 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ավելի քան 40 մարտանավ և ապահովման 20 նավ: Նախօրյակին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է զորավարժությունների ավարտվելու մասին, որոնք ստուգողական միջոցառումների ընթացքում տեղի են ունեցել Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներում, և ընթացել են հաջողությամբ: Շոյգուն ասել Է, որ ապրիլի 23-ից զորքերը կսկսեն վերադառնալ մշտական տեղաբաշխման վայրեր: