«Ջրի տակ հայտնաբերվել է մոտ 5 կմ/ժ արագությամբ շարժվող օբյեկտ». Բալիում վերսկսվել են անհետ կորած սուզանավի որոնման աշխատանքները

09:26 • 23.04.21

Ինդոնեզիայում փրկարարները վերսկսել են Բալի կղզու մոտ անհետ կորած «Նանգալա» սուզանավի որոնողական աշխատանքները: Գործողությանը, ընդհանուր առմամբ, մասնակցում է 21 նավ, այդ թվում՝ օվկիանոսագրական նավ՝ զինված խորջրյա սարքավորումներով, գրում է ՏԱՍՍ-ը:

Հայտնի է դարձել, որ փրկարարներին հաջողվել է գտնել մի քանի նշան, որոնց միջոցով հնարավոր է որոշել սուզանավի մոտավոր տեղը: Այնուամենայնիվ, Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի խոսնակ Ահմադ Ռիադի խոսքերով, դա բավարար չէ:

«Դեռևս բավարար տվյալներ չկան նավի հայտնաբերման մասին խոսելու համար»,- ասել է Ռիադը:

Նա շեշտել է՝ հայտնաբերված նավթային բիծը, որը որոշակի հույսեր է ներնշնչել որոնողափրկարարական թիմին, «կարող էր առաջանալ անձնակազմի կողմից վառելիքի դիտավորյալ արտանետումից հետո՝ նավի լողալու հնարավորությունը պահպանելու համար»:

Ինդոնեզական նավերից բացի, սուզանավի որոնողափրկարարական գործողություններին կսկսեն մասնակցել նաև Մալայզիայից և Սինգապուրից ժամանած նավերը:

Բացի այդ, աշխատանքներում կներգրավվեն ԱՄՆ օդային փոխադրամիջոցները: 

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ բաց ծով դուրս գալուց առաջ անհետ կորած համարվող սուզանավը անցել է բոլոր ստուգումները: 

Հիշեցնենք՝ սուզանավի անհետանալու մասին հայտնի էր դարձել ապրիլի 21-ին: Անհետանալու  պահին նավում եղել է 53 մարդ: Հետագայում, որոնողական աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել են նավթային արտահոսքի նշաններ:

Որոնողական աշխատանքների ընթացքում աշխատակազմի անդամները ջրի տակ հայտնաբերել են մոտ 5 կմ/ժ արագությամբ շարժվող առարկա: Այնուամենայնիվ, դեռևս վաղ է հաստատ պնդել, որ դա սուզանավ է եղել:

Ավելի վաղ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ղեկավար Յուդո Մարգոնոն հայտարարել էր, որ սուզանավի վրա թթվածինը բավարար կլինի մինչև շաբաթ առավոտ: