Անկասկած, այդ կոտորածները հարատև հետք թողեցին հազարամյա հայ ժողովրդի վրա, արգենտինացի ժողովուրդն այդ մասին լավ գիտի․ Արգենտինայի նախագահի նամակը՝ հայ համայնքին

19:21 • 24.04.21

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն Արգենտինայի հայ համայնքին նամակ է ուղղել։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ինչպես քաջատեղյակ եք, Արգենտինայի Հանրապետությունն ընդունել է թիվ 26.1999 օրենքը, որով յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ ի նշանավորումն այն ցեղասպանության, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը, այն ոգով, որ նրանց հիշատակը դառնա ներկայի քայլերի և մեր ապագայի նպատակների մասին մշտական դաս:

Անկասկած, այդ կոտորածները հարատև հետք թողեցին հազարամյա հայ ժողովրդի վրա: Արգենտինացի ժողովուրդն այդ մասին լավ գիտի, քանի որ դա մի համայնք է, որը շատ խորը արմատներ է գցել մեր երկրում․ միասին ենք մեծացել: Գիտեմ, որ ձեզնից շատերը սիրում Արգենտինան, ինչպես նաև իր նախնիների մշակույթը, ավանդույթները և հիշատակը: Այսօր միասին ենք հիշում այդ ողբերգությունը:

Այս ցավալի օրը ցանկանում եմ ձեր կողքին լինել այն ըմբռնմամբ, հարգանքով և համերաշխությամբ, որոնցով միշտ եմ արել: Ընդունե՛ք իմ սրտանց և եղբայրական գրկախառնությունը»։