«Ժխտումը Ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է»․ Arab News-ի անդրադարձը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հնարավորությանը

12:31 • 24.04.21

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության կողմից էթնիկ հայերի դեմ իրագործված ոճրագործությունները, գրում է Arab News-ը՝ հղում անելով ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերին։

Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կանխատեսումների իրագործման դեպքում, Ջո Բայդենը կդառնա երկրի առաջին նախագահը, որն օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրագործությունները պաշտոնապես Ցեղասպանություն կանվանի։

Թուրքիան մինչ օրս հերքում է Հայոց ցեղասպանությունը, ինչի կապակցությամբ Կոլումբիայի համալսարանի մերձավորարևելյան, հարավասիական և աֆրիկյան հետազոտությունների ամբիոնի դասախոս Խաչիկ Մուրադյանն ընդգծել է․ «Այս աղավաղումը կապված է քաղաքական իրողությունների, մեթոդաբանական խնդիրների համադրության և կարևորագույն սկզբնաղբյուրների անհասանելիության հետ։ Թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը լուրջ խոչընդոտ է»։

Ցեղասպանագետների կարծիքով՝ ժխտողականությունը ցեղասպանության վերջին փուլն է, գրում է թերթը՝ մեջբերելով Լիբանանի Հայ դատի հանձնախմբի (ՀԱԿ) համակարգող, Բեյրութի Հայկազյան համալսարանի պրոֆեսոր Լևոն Ավեդանյանի խոսքերն առ այն, որ հայերի համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է:

«Այս առումով Թուրքիայի և միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է արդարության վերականգնման երկար ճանապարհին, որն անխուսափելիորեն պետք է ենթադրի ոչ միայն ճանաչում, այլև փոխհատուցում»,- ասել է նա:

Թերթը հիշեցնել է նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անցյալ տարի ապրիլի 24-ին արված թվիթերյան գրառումը, որում, մասնավորապես, նշվում էր․ «Ընտրվելու դեպքում ես խոստանում եմ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և մարդու համընդհանուր իրավունքները գլխավոր առաջնահերթություն դարձնել»։

Ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը Բայդենի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին պատասխանել է հետևյալ ձևակերպմամբ․ «Թուրքիան հիմա շատ խնդիրներ ունի։ Նախ՝ այդ երկիրը դուրս եկավ Ստամբուլյան կոնվենցիայից։ Տնտեսության հետ կապված գործերը նույնպես լավ չեն ընթանում։ Բացի այդ, նա հաշվեհարդար է տեսնում քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նկատմամբ։  Բայց գլխավոր նորությունն այն է, որ Էրդողանը մոտ օրերս կբախվի ևս մեկ դիվանագիտական մարտահրավերի»։