Պետք է ամբողջ աշխարհը մեր պատմությունն ընդունի․ եթե Ցեղասպանությունն ընդունած լինեին, գուցե հաջորդող ցեղասպանությունները տեղի չունենային. ԱՄՆ հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն

11:18 • 24.04.21

Մի քանի ամիս է, ինչ նախագահ Ջո Բայդենը նախագահ է, և խոսվում է այն մասին, որ նա՝ որպես նախագահ, հնարավոր է՝ կիրառի «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես սենատոր եղած տարիներին, մենք սպասում ենք, որ դա տեղի կունենա. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:

«Երբ ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, հաստատում է, որ Ցեղասպանություն է եղել, կարևոր է և՛ ամերիկացիների, և՛ հայերի համար: Հայերի համար կարևոր է, որ մեկ անգամ ևս հաստատվի, որ ոչ թե 30 երկիր է ընդունում Ցեղասպանության իրականությունը, այլ 31 լինի: Թուրքիան Ցեղասպանությունը դեռ չի ընդունում, պետք է տարբեր երկրների հետ աշխատենք,  որ ամբողջ աշխարհը մեր պատմությունը ճանաչի, որ Հայոց ցեղասպանություն եղել է, և դա Թուրքիայի սարքածն էր: Եթե Ցեղասպանությունն ընդունած լինեին, հաջորդող ցեղասպանությունները գուցե տեղի չունենային, կարող էր տեղի չունենալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված անցյալ տարվա պատերազմը: Ես անհամբերությամբ սպասում եմ  նախագահ Ջո Բայդենի խոսքերին»,- ընդգծեց Արփի Վարդանյանը: