«Հայաստանը դեռ սգում է». The Foreign Policy

17:19 • 24.04.21

Ամերիկյան The Foreign Policy պարբերականի թղթակից Նեիլ Հաուրերը ծավալուն հոդված է հրապարակել անդրադառնալով Հայոց ցեղասպանության, Արցախյան երկրորդ պատերազմի, Սումգայիթյան ջարդերի, Սպիտակի երկրաշարժի և այլ հարակից թեմաների:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը. 

««Արարատի պես սպիտակ գագաթ չկա»,- գրել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը 1915 թվականին իր «Կապուտաչյա հայրենիք» աշխատության մեջ երկու իրար նման գագաթ ունեցող լեռան մասին, որն ամբողջ Հայաստանի ազգային խորհրդանիշն է:

Բայց Արարատը մոտ չէ: Այն անհավանական հեռու է՝ Թուրքիայի հետ երկար փակ սահմանից այն կողմ, որը հայերի շրջանում առավելապես հայտնի է Արևմտյան Հայաստան անունով: Այնտեղ հայեր, գոնե բացահայտ հայեր, չեն մնացել: Հայաստանի ազգային խորհրդանիշը՝ ամբողջ ժողովրդի ինքնության փորձաքարը, գտնվում է թշնամական հարևանի սահմանի վրա:

Կորսվածի մասին անընդհատ հիշեցումը, սակայն, միայն մեկն է այն բազմաթիվ կորուստներից, որոնց միջով անցել են հայերը: Դրանցից ամենավերջինն անցյալ տարի էր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, 21-րդ դարի ամենադաժան պատերազմներից մեկում: 44 օրվա ընթացքում հայկական ուժերը բախվել են հարևան Ադրբեջանի զինված ուժերի հետ` վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ, որն ի սկզբանե մեծամասնությամբ էթնիկ հայկական տարածք էր, որը գտնվում էր Ադրբեջանի խորհրդային սահմաններում:

Պատերազմի՝ վեց շաբաթ տևած մարտական գործողությունների հետևանքով, սպանվել է առնվազն 6000 մարդ, այդ թվում՝ առնվազն 3300 հայ զինվոր, որը, հաշվի առնելով բնակչության թիվը, համարժեք է ԱՄՆ-ի՝ ավելի քան 350 000 զինվոր կորցնելուն: 

Ավաղ, սա հայերի առաջին կորուստը չէր:

1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Դա իրադարձությունների մանրակրկիտ ծրագրված հաջորդականություն էր, որը մշակվել էր Օսմանյան կայսրության երիտթուրքերի հեղափոխական կառավարության կողմից՝ անհավատարիմ ընկալվող բնակչության սպառնալիքը զսպելու համար: Ավելի քան մեկ միլիոն հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ հավաքվել էին իրենց գյուղերում և քաղաքներում, ստիպված կազմելով ողորմելի շարասյուններ և քշվել էին դեպի Սիրիայի անապատ՝ մեռնելու: 1916 թվականի վերջին միայն հաշվարկված 200 000 տեղահանվածների է հաջողվել ողջ մնալ:

Հայաստանը պետք է դառնար 20-րդ դարի առաջին ազգը, որը վերածնվել է Ցեղասպանությունից հետո: Փախուստի դիմած վերապրածները հավերժ պետք է հիշվեին տրավմաներով, իրենց տները կորցնելու հիշողություններով և իրենց կյանքով: Ցեղասպանության մասին պատմությունները և հուշերը պետք է փոխանցվեին սերնդեսերունդ՝ յուրաքանչյուր նոր սերնդի վրա դրոշմելով տեղի ունեցած ողբերգությունը և դրա կրկնության վախը:

Չնայած ճնշված, բայց Ցեղասպանության հիշողությունները Խորհրդային Հայաստանում երբեք չեն մարել: 1965 թվականին՝ իրականացված սպանդի 50-րդ տարելիցին, 100 000 հայեր հավաքվել էին Երևանի օպերային թատրոնի առջև՝ պահանջելով, որ Խորհրդային կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի ազգային գիտակցությունը նոր թափ էր առել 1988 թվականի  փետրվարին, երբ Երևանի փողոցներում անցկացվող աննախադեպ զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջում էին էթնիկապես հայկական Լեռնային Ղարաբաղը միացնել Խորհրդային Հայաստանին: Հարյուր հազարավոր ցուցարարների՝ Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու աջակցությունն այն ազգային զգացմունքների ամենամեծ հեղեղումներից մեկն էր, որը Խորհրդային Միությունը երբևէ տեսել էր»,-գրում է աղբյուրը` այնուհետև ծավալուն պատմական ակնարկ կատարելով առաջին Արցախյան պատերազմին, 1988-ի ահեղ երկրաշարժին, ինչպես նաև երկրորդ Արցախյան պատերազմին:

«Հիմա Հայաստանի ապագայի վերաբերյալ քիչ բան է հստակ: Գրեթե ամբողջությամբ թշնամիներով շրջապատված այս փոքր պետության համար գոյությունն այժմ վտանգված է: Շատերը գոյատևման իրենց միակ հույսը տեսնում են ազգային տնտեսական, գիտական և, հատկապես, ռազմական զարգացման արմատապես հաջողված ծրագրի մեկնարկում, որն իր բնույթով շատ նման է Իսրայելին՝ ցեղասպանություն վերապրած մեկ այլ փոքր ազգի, որին հարևանների դեմ բազմաթիվ հաղթական պատերազմներ էին անհրաժեշտ գոյատևելու համար: Ամենամեծ վախը, սակայն, այն է, որ հայերը կարժանանան նույն ճակատագրին, ինչ նրանց եղբայները՝ ասորիները, որոնք նույնպես օսմանյան դարաշրջանում ցեղասպանվել են:

Չնայած անցած մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած աղետներին, հայերն իրենց հայացքն են սևեռում ամենամեծ գրողներից Վիլյամ Սարոյանի՝ 1936 թ. «Հայը և հայը» աշխատության  հանդուգն խոսքերին:

«Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, այս անզոր ժողովրդին, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շենքերը խորտակված, գրքերը չընթերցված, և որի աղոթքները անպատասխան են մնացած:Փորձեք կործանել այս ցեղը: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի՛ մոռացեք խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևե մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզվով, իրենց ստեղծած Նոր Հայաստանում: Ջանացեք, տեսեք կկարողանա՞ք, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց»: