Մյանմարի ԶՈՒ ղեկավարը ռազմական հեղաշրջումից ի վեր իր առաջին արտասահմանյան այց կկատարի
Մյանմարի զինված ուժերի ղեկավարը պատրաստվում է հանդիպել միջազգային առաջնորդների հետ, ինչը կլինի նրա առաջին օտարերկրյա այցը՝ Մյանմարի ռազմական հեղաշրջումից հետո, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ գեներալ Մին Աունգ Խլայնուն շաբաթ օրը նախատեսում է մասնակցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա գագաթնածողովին, որը կայանալու է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում։
Ինդոնեզիայի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունները կդառնան Մյանմարի ճգնաժամը լուծելուն ուղղված առաջին քայլերը, որին մասնակից կլինին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները։
Գագաթնաժողովին Մյանմարի ներկայացուցչի մասնակցության և Մյանմարի ճգնաժամի մասին քննարկումների վերաբերյալ ասոցիացիայի անդամ պետությունները տարբեր կարծիքներ ունեն։ Նրանք, որոնք սահմանակից են Չինաստանին, ընդհանուր առմամբ, դեմ են Մյանմարում որևէ արտաքին միջամտության, իսկ նրանք, որոնք սահմանկից չեն Չինաստանի հետ՝ կողմ են այս իրավիճակում գործողություններ ձեռնարկելուն։
Հիշեցնենք, որ Մյանմարի ռազմական իշխանությունները, ընդհանուր առմամբ, ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, այդ թվում՝ իշխող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավարությանը։ Մյանմարի մայրաքաղաք Նայպյիդոյում ձերբակալվել են խորհրդարանի բոլոր պատգամավորները։ Գործակալության տվյալներով՝ ձերբակալվել են նաև իշխող կուսակցության ղեկավարների ընտանիքի բազմաթիվ անդամներ։
Մյանմարի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Այս առնչությամբ զինվորականները հայտարարել են, որ ձերբակալություններն անցկացրել են ի պատասխան «ընտրությունների կեղծման», որոնք երկրում անցկացվել են 2020 թվականի նոյեմբերին 8-ին։










