Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության առումով Ամերիկայի հանձնառության հարցում. Politico     

20:14 • 25.04.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ իր հայտարարությամբ արձանագրեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը՝ այն, ինչի համար տասնամյակներ շարունակ պայքարում էին ամերիկահայերը: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ ներկայացնելով այս քայլի կարևորությունը:

«Սա առաջին հայացքից հասարակ քայլ է, որն օրինական ուժ չունի: Սակայն դա համարձակ քայլ է Բայդենի համար, որն առաջ է գնացել այն շեմից, որը չէր հաղթահարել ոչ մի ամերիկացի նախագահ: Մինչ այս պահը նախագահները հրաժարվում էին պաշտոնապես կիրառել «ցեղասպանություն» եզրույթը՝ վախենալով  Թուրքիայի բացասական արձագանքից: Բայդենի ճանաչումը կարևոր քայլ է ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ամերիկայի հանձնառությունը կատարելիս»,- նկատում է հոդվածագիրը:

Վերջինս նշում է, որ Ամերիկան կարևոր և դրական դեր է կատարել այս պատմական ողբերգության հարցում. «Ամերիկացի միսիոներները և դիվանագետները քրիստոնյա ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների մասին բարձրաձայնողների թվում էին»:

Ինչպես հոդվածագիրը շեշտում է ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության արձանագրումը բարոյական փոխհատուցում է, որն այդպես էլ չտեսան Ցեղասպանությունից հետո Ամերիկայում իրենց կյանքը վերագտած հայերը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Թուրքիայի համար Ցեղասպանության ճանաչումը կարմիր գիծ էր, որը հատելը նշանակում էր սպառնալիք բոլոր տեսակի հարաբերությունների համար, ինչն էլ հետ էր պահում ԱՄՆ նախկին նախագահներին:

«Միևնույն ժամանակ Թուրքիան Էրդողանի օրոք իրեն դրսևորեց որպես անվստահելի դաշնակից: Դա Բայդենին հնարավորություն տվեց կատարելու իր նախընտրական խոստումը և ճանաչեու Հայոց ցեղասպանությունը»,- նկատում է հեղինակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործել է «Հայեց ցեղասպանություն» եզրույթը՝ նշելով, որ հայերի համակարգային բնաջնջումը կազմակերպել են օսմանյան իշխանությունները: