Անկարայում ԱՄՆ դեսպանը Բայդենի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

02:25 • 25.04.21

Անկարայում ԱՄՆ դեսպանը Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:

Հաղորդվում է, որ Թուրքիայի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի, և որ Անկարան հերքում, անընդունելի է համարում ու վճռականորեն դատապարտում է այն:

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում»,- ասված է ուղերձի մեջբերված հատվածում: