Բայդենի հայտարարությունից հետո բողոքի ակցիաների հավանականության պատճառով Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունն ու հյուպատոսարաններն ապրիլի 26-ին և 27-ին չեն աշխատի

01:53 • 25.04.21

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսություններն առաջիկա երկուշաբթի և երեքշաբթի օրերին անվտանգության նկատառումներից ելնելով փակ են լինելու, հաղորդում է РИА Новости-ն:

Պատճառը, ըստ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության, Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի ակցիաների հնարավոր անցկացումն է:

«Բողոքի ակցիաներ կարող են անցկացվել Օսմանյան կայսրությունում զոհված հայերի հիշատակի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունից հետո: Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը և Ադանայում ու Իզմիրում ԱՄՆ հյուպատոսությունները փակ են լինելու ամենօրյա սպասարկման և վիզային աջակցման համար ապրիլի 26-ին և 27-ին»,- ասված է հաղորդագրությունում: