Հայտնի է դարձել՝ ովքեր կժառանգեն արքայազն Ֆիլիպի ունեցվածքը, պոնին, սիրելի կառքն ու տիտղոսը
Հայտնի է դարձել՝ ովքեր կժառանգեն Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի հանգուցյալ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի ունեցվածքը, պոնին, սիրելի կառքն ու տիտղոսը, հայտնում է The Sun պարբերականը։
Արքայազն Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 10-30 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 13-40 մլն դոլար): Պարբերականը նշում է, որ նրա կարողությունը հիմնականում ոչ թե գումարի, այլ արժեքավոր իրերի և անշարժ գույքի տեսքով է։ Բացի այդ, արքայազնն ունեցել է տարբեր արվեստի գործեր և հազվագյուտ գրքերի հավաքածուներ։
Սպասվում է, որ արքայազն Ֆիլիպի ժառանգության հիմնական մասը բաժին կհասնի թագուհուն։ Նրա սիրելի մուգ կանաչ կառքը և պոնին կժառանգի նրա որդու՝ արքայազն Էդվարդի կրտսեր դուստրը՝ 17-ամյա Լուիզա Վինձորը:
Ինքը՝ արքայազն Էդվարդը, Էլիզաբեթ 2-րդի մահից հետո կժառագի Էդինբուրգի դուքս տիտղոսը։ Նրան այդ տիտղոսը փոխանցելու մասին որոշումն ընդունվել է դեռևս 1999 թվականին։
Արքայազնի մահվան մասին ապրիլի 9-ին թագավորական ընտանիքը հայտնել էր իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Վինձորի ամրոցում»։
Արքայազնը մահացել է 99 տարեկանում։ Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Վինձոր ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում` ապրիլի 17-ին։










