Խաղաղությունը մեր մայրցամաքում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ. Ավստրիայի կանցլերը դեմ է արտահայտվել հակառուսական նոր պատժամիջոցներին  

19:10 • 26.04.21

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դեմ է հանդես եկել հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելուն: Նրա կարծիքով՝ պետք է Ռուսաստանի հետ համատեղ աշխատել. միայն այդպես մայրցամաքում կայուն խաղաղություն կհաստատվի:

Ինչպես Российская газета-ն, այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում: «Ես դեմ եմ լրացուցիչ պատժամիջոցներին որպես ինքնանպատակ: Ապաէսկալացում է անհրաժեշտ: Դա բարդ է, սակայն մշտական սրումն այն ուղին չէ, որով ցանկանում ենք առաջ գնալ»,- ասել է նա։ 

Նրա խոսքով՝ եկել է երկխոսության վրա խաղադրույք անելու ժամանակը: «Խաղաղությունը մեր մայրցամաքում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ և ոչ թե այն ժամանակ, երբ մյուս երկրները գործում են նրա դեմ»,- շեշտել է Կուրցը:

Անդրադառնալով Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, որի պատճառով ՌԴ-ի դեմ սահմանվել էին առաջին պատժամիջոցները 7 տարի առաջ, Կուրցը հույս է հայտնել, որ հակամարտության հետագա սրումից կհաջողվի խուսափել: