Չադի նախագահի զոհվելուց հետո հայտնի է դարձել երկրի ժամանակավոր ղեկավարի անունը
Չադի նախկին վարչապետ Ալբերտ Պահիմի Պադակեն նշանակվել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Tchad24 հեռուստաընկերությանը։
Հայտնի է, որ երկրում անցումային շրջանը կտևի մեկուկես տարի, որի շրջանակում լուծարվելու է երկրի խորհրդարանն ու կառավարությունը։ Անցումային շրջանի ավարտին նախատեսվում է անցկացնել «ազատ և ժողովրդավարական» ընտրություններ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չադում ստեղծվել է անցումային ռազմական խորհուրդ՝ նախագահ Իդրիս Դեբիի մահից հետո. խորհրդի նախագահ է նշանակվել նախկին ղեկավարի որդին` Մահամաթը: Նախագահի մահվան կապակցությամբ Չադում երկշաբաթյա համազգային սուգ է հայտարարվել և երկրի ողջ տարածքում պարետային ժամ է հայտարարվել: Զինվորականները որոշում էին կայացրել փակել երկրի ցամաքային և օդային սահմանները,ո որոնք մի քանի օր անց բացվել են։
Բախումներում ստացած վնասվածքներից մահացած Չադի նախագահ Իդրիս Դեբին ուղևորվել էր ռազմաճակատ՝ տոնելու ապստամբների դեմ պայքարում տարած հաղթանակը և ղեկավարելու զինված ուժերի գործողությունները, գործակալությանը հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Դեբին ծանր վիրավորվել է երկրի հյուսիսային առաջնագծում բանակի ու ապստամբների բախումների հետևանքով, իսկ ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Չադի զինվորականնեը ապրիլի 20-ին հայտարարել էին երկրի 68-ամյա նախագահ Իդրիս Դեբիի մահվան մասին, որը 1990 թվականից ի վեր ղեկավարում է երկիրը։ Մի քանի տարի շարունակ երկիրը պայքարում է «Փոփոխության ճակատ և համաձայնություն» ապստամբ խմբավորման դեմ, որը տեղակայված է Լիբիայի սահմանի երկայնքով։
2014 թվականին Ֆրանսիան տարածաշրջանում սկսել է «Բարխան» հակաահաբեկչական գոչծողությունը, որին աջակցում է «Սահել 5» տարածաշրջանային կառույցը։










